Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Միջամտություններ / Մաշկի գոյացությունների ոչ վիրահատական հեռացում

Մաշկի գոյացությունների ոչ վիրահատական հեռացում

Մաշկի նորագոյացությունները մաշկային հյուսվածքների տեսանելի փոփոխություններն են (տափակ կամ ծավալային), որոնք առաջանում են ոչ սովորական բջիջների կողմից: Որպես կանոն, նորագոյացությունների հիմքում ընկած է մի քանի գործոնների ամբողջությունը: Այդպիսի գործոնների թվին են պատկանում ժառանգական նախատրամադրվածությունը, ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթումը, թուլացված իմունիտետը, մաշկի վնասումները, հորմոնային խանգարումները (օրինակ, հորմոնների կիրառման կամ հղիության ժամանակ), տարիքային փոփոխությունները, վիրուսային ախտահարումները (դրսևորվում են գորտնուկների, կոնդիլոմաների, պապիլոմաների ձևով), ռենտգեն կամ ռադիացիոն ճառագայթումը, միջատների խայթոցը:  

 

Ընդհանուր առմամբ բոլոր նորագոյացությունները կարելի է դասակարգել մաշկի բարորակ նորագոյացություններ (կյանքի համար վտանգ չեն ներկայացնում , սակայն պատճառում են հոգեբանական և գեղագիտական անհարմարավետություն), սահմանային նորագոյացություններ (պահանջում են հատուկ հսկողություն և կանոնավոր հետազոտում քաղցկեղային գոյացության վերածվելու կապակցությամբ) և մաշկի չարորակ նորագոյացություններ (կարող են առողջությանը վնաս հասցնել և կյանքի համար վտանգ են ներկայացնում):

Մաշկային նորագոյացությունների տեսակները

Ներկայումս նորագոյացությունների ամենատարածված տեսակներից կարելի է առանձնացնել հետևյալները .

 

Բարորակ.

  • սեբորեային պապիլոման (գորտնուկ) մարմնի փակ տեղամասերում առաջացող դեղնադարչնագույն կամ շագանակագույն տափակ նորագոյացություն է,
  • դերմատոֆիբրոման հանգուցավոր նորագոյացություն է , հաճախ հանդիպում է կանանց մոտ սրունքի շրջանում,
  • անգիոման բնածին ուռուցք է շրջանաձև բծերի կամ կապտադարչնագույն թմբիկների ձևով (որպես կանոն, առաջանում են գլխի կամ դեմքի վրա ),
  • նևուսները ոչ մեծ պապուլաներ կամ պիգմենտային բծեր են, որոնք առաջանում են մանկական տարիքում և վերանում են ծերունական տարիքում, բաց մաշկով մարդկանց մոտ նևուսները ամենատարածված մաշկային նորագոյացություններն են: Նևուսները վտանգավոր են նրանով, որ կարող են չարորականալ:
  • լիպոման (ճարպուռուցք) ուռուցքանման շարժուն անցավ նորագոյացություն է , հաճախ հանդիպում է մեջքի վրա, ուսերին և ազդրերի արտաքին մակերևույթին,
  • աթերոման էպիթելային կիստա է, կարող է վերածվել լիպոսարկոմայի,
  • հեմանգիոման անոթային ուռուցք է , հաճախ հանդիպում է երեխաների մոտ :

 

Սահմանային.

  • Կերատոման թեփոտվող, շագանակագույն ոչ մեծ բիծ է, հաճախ հանդիպում է 50 անց մարդկանց մոտ,
  • Քսերոդերման ժառանգական հիվանդություն է, որը վաղ մանկությունից զարգանում է մինչև ծերություն, այս նորագոյացության առկայության դեպքում անհրաժեշտ է խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթումից,
  • Մաշկային եղջյուրը մաշկից բարձր նորագոյացություն է , որն առաջանում է հիմնականում տարեց մարդկանց մոտ:

 

Չարորակ.

  • մելանոման վերածնված պիգմենտային բիծ է կամ բծերի կուտակում վերջույթների, պարանոցի կամ գլխի վրա, հաճախ հանդիպում է 40 անց կանանց մոտ,
  • Կապոշիի սարկոման բազմաթիվ մանուշակագույն պապուլաներ են՝ տեղակայված ստորին վերջույթների շրջանում, հիմնականում ախտահարում է տղամարդկանց,
  • Էպիթելիոման դեղնամոխրագույն և արյունահոսող կեղևով ուռուցք է՝ հանգույցի ձևով:

 

Մաշկային նորագոյացությունների ախտորոշման և բուժման եղանակները

 

Մաշկային ոչ մի նորագոյացություն, նույնիսկ սովորական խալը, չի կարելի ինքնուրույն հեռացնել: Նորագոյացության ձևի փոփոխության, կարմրության, կեղևի առաջացման, քորի, արյունահոսության, պիգմենտացիայի ուժեղացման կամ քրոնիկական վնասման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:  Մաշկի նորագոյացության միայն ժամանակին իրականացված ախտորոշումը թույլ կտա պարզել գոյացության բարորակ կամ չարորակ լինելը, իսկ բժիշկը կիրականացնի մաշկի նորագոյացության հեռացում՝ հետագա պարտադիր հյուսվածաբանական քննությամբ:

 

Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացումն իրականացվում է.

  • վիրահատական եղանակով (ամենաարմատական եղանակն է), կիրառվում է հիմնականում խոշոր նորագոյացությունների դեպքում,
  • կրիոդեստրուկցիա (հեղուկ ազոտով), կարող են պահանջվել կրկնակի պրոցեդուրաներ և այրվեն հարևան հյուսվածքները ,
  • էլեկտրակոագուլյացիա (հատուկ ռադիոալիքային սարքի օգնությամբ),
  • լազերի միջոցով, որը ներկայումս հանդիսանում է ժամանակակից, արդյունավետ և առավել լայն տարածում ունեցող եղանակ:  

 

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84