Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Լիմֆանգիոմա

Լիմֆանգիոմա

Լիմֆանգիոման  հիվանդություն է, որին բնորոշ է մարդու ավշային համակարգում  բնածին բարորակ ուռուցքի առաջացումը: Այս հիվանդությունը դրսևորվում է բարորակ գոյացություն ունեցող բոլոր երեխաների 10-12 տոկոսի մոտ:  Երեխաների մոտ լիմֆանգիոման մինչև 30 մմ չափերով կիստա է:

 

Պատճառները

 

Ներկայում, ըստ լիմֆանգիոմայի առաջացման պատճառների, տարբերում են.

  • առաջինը՝ լիմֆանգիոման իրական, իսկական ուռուցք է, 
  • երկրորդը՝ լիմֆանգիոման մարդու ավշային համակարգի որևէ հիվանդության հետևանք է:


Հիմնականում այս բարորակ ուռուցքն առաջանում է մինչև երեխայի ծնվելը, և բնածին ախտաբանություն է: Երբեմն այս հիվանդությունը, միաժամանակ, զարգանում է օրգանիզմի զարգացման այլ շեղումների հետ միասին:  

 

Ախտանիշները

 

Հաճախ ուռուցքն առաջանում է բերանի խոռոչում, պարանոցի կամ ձեռքերի վրա, հնարավոր է նաև` մարմնի մյուս մասերին:  Մազանոթային լիմֆանգիոմայի ժամանակ առաջանում են մեծ քանակությամբ բշտիկներ՝ դեղնավուն, երբեմն էլ` կարմրավուն հեղուկի պարունակությամբ: Եթե լիմֆանգիոմայի առաջացման պատճառը լիմֆոստազն է, ապա այն ունի բծի կամ` աստիճանաբար գերաճող էրիթեմատոզ վահանիկի տեսք:

 

Ախտորոշումը

 

90% դեպքերում լիմֆանգիոման դրսևորվում է երեխայի կյանքի առաջին տարում: Ավշային հանգույցների շրջանում մեծացող հաստացումները կարող են աճել երեխայի հետ միասին, սակայն կարող են նաև կտրուկ փոխել իրենց չափերը: Հասարակ լիմֆանգիոման մաշկային ծածկույթի բլթակավոր հաստացում է, որը կտրուկ չի սահմանազատվում: Մաշկի մակերևույթը կարող է խոնավ լինել, ինչը կոչվում է «լիմֆորեա» :  

 

Կիստոզ լիմֆանգիոման ունի առաձգական գոյացության տեսք, որը ծածկված է ձգված մաշկով: Որոշ դեպքերում մաշկային ծածկույթի միջով նկատվում է կապույտ երանգով գոյացությունը: Այս ուռուցքը հաճախ հանդիպում է երեխաների պարանոցի վրա: Կիստոզ լիմֆանգիոմաներն իրենց չափերով դանդաղ են մեծանում, սակայն աճի ժամանակ կարող են ճնշել մոտակայքում տեղակայված ներքին օրգանները, շնչափողը, նյարդերը:  

 

Կավերնոզ լիմֆանգիոման բնորոշվում է այտուցվածության առկայությամբ, անորոշ, ոչ հստակ ուրվագծերով: Սեղմելու ժամանակ այսպիսի լիմֆանգիոման չափերով փոքրանում է, ապա աստիճանաբար վերականգնում ծավալը: Այն հաճախ հանդիպում է շուրթերին, լեզվին, պարանոցին, հարականջային շրջանում, այտերին:

 

Բուժումը

 

Լիմֆանգիոմայի բուժումը հիմնականում իրականացվում է վիրահատական եղանակով: Սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպք սկզբում հետազոտվում է հիվանդության տևողության, կլինիկական ախտանիշների, նաև կմախքի հնարավոր ձևախախտման (հիմնականում` դեմքի ոսկրերի) առկայության կապակցությամբ:  

 

Վիրահատական միջամտության օգնությամբ հեռացվում են պարանոցի, բերանի խոռոչի կամ դեմքի լիմֆանգիոմաները: Ուռուցքի ամբողջական հեռացում կարող է իրականացվել միայն սահմանափակ լիմֆանգիոմայի դեպքում: Որոշ դեպքերում, վիրահատությունից հետո, լիմֆանգիոմա այլևս չի առաջանում, սակայն հնարավոր է նաև կրկնակի առաջացում, բշտիկների հեղուկով լեցվածություն:  

 

Եթե վիրահատական եղանակը չի օգնում կամ այն անհնար է իրականացնել տվյալ դեպքում, կիրառվում են լիմֆանգիոմայի դեմ պայքարի այլ եղանակներ:

 

Բուժումն իրականացվում է ընդհանուր վերականգնողական թերապիայի օգնությամբ՝ դեղերով (հակահիստամինային), պունկցիա, որին հաջորդում է ուռուցքի պարունակության հեռացումը, բուժում` անոթների պատերի թափանցելիությունը նվազեցնող դեղերի օգնությամբ, տզրուկաբուժություն, հակաբակտերիալ դեղերի կիրառում, ջրաաղային հաշվեկշռի կարգավորման միջոցով` ինտոքսիակացիայի նվազեցում:

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84