Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Վիրահատություններ / Մաշկի և ենթամաշկի գոյացությունների վիրաբուժություն

Մաշկի և ենթամաշկի գոյացությունների վիրաբուժություն

Մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությունները մաշկային գոյացություններ են, որոնք մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն երբեմն  որոշակի գործոնների ազդեցությամբ դրանք կարող են վերածվել չարորակ գոյացությունների:

Մաշկի գոյացությունների տեսակները

Տարբերում են մաշկի բարորակ գոյացությունների հետևյալ տեսակները.

•    Աթերոման ճարպագեղձերի ուռուցք է, իրենից ներկայացնում է հստակ ուրվագծերով, էլաստիկ, ձեռքով զննման ժամանակ շարժուն գոյացություն, առաջանում է ճարպագեղձերի կուտակման շրջանում (գլխի մաշկի վրա, պարանոցի, մեջքի վրա, աճուկային շրջանում):

•    Հեմանգիոման անոթային ուռուցք է: Տարբերում են հեմանգիոմաների հետևյալ տարատեսակները՝ մազանոթային, որն առաջանում է մաշկի մակերևույթին, հասնում է մեծ չափերի, գույնը տատանվում է կարմիրից մինչև կապտասև, մյուսը կավերնոզն է, որն առաջանում է մաշկի խոր շերտերում, իրենից ներկայացնում է ենթամաշկային սահմանափակ հանգույցային գոյացություն, համակցված տեսակն իրենից ներկայացնում է նախորդ երկու տեսակների զուգակցումը, խառը տեսակը ներառում է ոչ միայն անոթները, այլ նաև հարակից հյուսվածքները:

•    Լիմֆանգիոման գոյացություն է՝  բաղկացած ավշային անոթների պատերից, իրենից ներկայացնում է 1 մմ-ից մինչև 5 սմ և ավելի չափերի խոռոչ: Կիստոզ լիմֆանգիոման գոյացություն է՝ բաղկացած  մի քանի մեկուսացված կամ հաղորդակցվող կիստաներից, կարող է տեղակայվել կենսական կարևոր օրգանների մոտակայքում (շնչափող,կոկորդ):

•    Լիպոման ճարպային հյուսվածքի ուռուցք է, իրենից ներկայացնում է փափուկ, շարժուն և անցավ գոյացություն:

•    Պապիլոմաները, գորտնուկները հանգույցի կամ պտկիկի ձևով գոյացություններ են, հանդիսանում են վիրուսային ծագման հիվանդություններ: Հաճախ ունեն տարբեր ձևի և չափի պալարի տեսք՝ բացից մինչև մուգ շագանակագույն և մոխրագույն:  

•    Խալերը, նևուսները մաշկի ուռուցքներ են: Կարող են ունենալ տարբեր չափեր, ձև, գույն և կառուցվածք:  

•    Ֆիբրոման գոյացություն է շարակցական հյուսվածքում: Իրենից ներկայացնում է խորը տեղակայված հանգույց, որը բարձրանում է  մաշկի մակերևույթից, գոյացության գույնը կարող է լինել մոխրագույնից մինչև դարչնագույն, երբեմն կապտասևավուն, երբեմն մակերևույթը հարթ է, հազվադեպ խորդուբորդ:

•    Նեյրոֆիբրոման նյարդերի թաղանթների բջիջներից բաղկացած ուռուցք է: Ձեռքով զննման ժամանակ այն պինդ թմբիկ է 0,1-ից մինչև 3 սմ չափերով՝ ծածկված դեպիգմենտավորված մաշկի շերտով:

Այնպիսի գոյացություններն, ինչպիսիք են լիպոման, պապիլոման, գորտնուկները, խալերը, ֆիբրոմաները, նեյրոֆիբրոմաները, կարող են վերածվել չարորակ գոյացությունների:

Կլինիկայում իրականացվում են մաշկի նորագոյացությունների՝ այդ թվում բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններ, որոնց թվին են պատկանում խալերի, պապիլոմաների, լիպոմաների, աթերոմաների, հեմանգիոմաների, լիմֆանգիոմաների, ֆիբրոմաների հեռացումը:
Ախտորոշում

Եթե Դուք Ձեզ մոտ հայտնաբերել եք մաշկի նորագոյացություն, պետք է մաշկաբանի կամ ուռուցքաբանի մոտ գրանցվեք խորհրդատվության համար:  Հարցման, զննման և վիճակի ուսումնասիրման հիման վրա բժիշկը կախտորոշի:
Մաշկի նորագոյացությունների հեռացման ցուցումները

•    մաշկի գոյացության մշտական վնասում
•    օրգանների ֆունկցիայի խանգարում
•    մաշկի գոյացության սրընթաց աճ
•    մաշկի գոյացության գույնի փոփոխություն
•    բորբոքային պրոցես
•    կոսմետիկ թերություններ

Վիրահատության հակացուցումները

•    շաքարային դիաբետ
•    շարակցական հյուսվածքի հիվանդություններ
•    սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
•    արյան հիվանդություններ
•    էպիլեպսիա
•    պսորիազ
•    բորբոքային հիվանդություններ
•    հոգեկան խանգարումներ
•    ներքին օրգանների ծանր հիվանդություններ

Մաշկի բարորակ գոյացությունների վիրահատական բուժում

Մաշկի բարորակ գոյացությունները բնութագրվում են դանդաղ աճով, որի ընթացքում բջջային տարրերը մնում են ուռուցքի սահմաններում՝ առանց հարևան հյուսվածքներ հարաճելու: Հավասարաչափ մեծանալով՝ նորագոյացությունը հրում և ճնշում է առողջ հյուսվածքները, որի արդյունքում վերջիններս ասես պատիճի դեր են տանում: Թեև բարորակ ուռուցքները ատիպիկ են, սակայն նրանց բջիջների մետաստազավորումը բացակայում է:
 
Մաշկի նորագոյացությունների հեռացման վիրահատության նախապատրաստումը

Մաշկի նորագոյացության հեռացման վիրահատությունից առաջ անհրաժեշտ է վիրաբույժի խորհրդատվություն, որի ընթացքում հիվանդի հետ համատեղ ընտրվում է վիրահատության իրականացման եղանակը: Բժիշկը որոշում է նորագոյացության հեռացման օրը, պացիենտը ուղարկվում է վիրահատության նախապատրաստման:  
Բացի պարտադիր նախավիրահատական քննությունները, հիվանդին կարող են նշանակվել հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները.
•    ուռուցքաբանի զննում
•    օնկոմարկերների կապակցությամբ  արյան քննություն

Անոթային վիրաբույժի խորհրդատվությունից և ստորին վերջույթների երակների ՈւՁՀ-ից հետո Ձեզ խորհուրդ կտրվի կոմպրեսիոն տրիկոտաժ կամ ստորին վերջույթների էլաստիկ բինտավորում: Դա անհրաժեշտ է վիրահատական և հետվիրահատական թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման համար:  
Վիրահատության նախորդ օրվա երեկոյան խորհուրդ է տրվում հրաժարվել առատ սննդի ընդունումից և կատարել մաքրող հոգնա: Ինչպես նաև վիրահատությունից երկու շաբաթ առաջ և երկու շաբաթ հետո խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և ծխելուց: Վիրահատության օրն արգելվում է ուտել և խմել:

Անզգայացում
Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ, սակայն հյուսվածքներում խորը տեղակայված մեծ չափերի գոյացությունների դեպքում կամ , երբ հիվանդը գտնվում է հոգեհուզական գրգռված վիճակում, խորհուրդ է տրվում ներերակային անզգայացում:
Գոյություն ունեն մաշկային նորագոյացությունների հեռացման մի քանի եղանակներ.

•    Ռադիոալիքային եղանակ. իրականացվում է Surgitron (Սուրգիտրոն, ԱՄՆ) ռադիալիքային սարքավորման կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս կտրվածքները կատարել բացառապես ճշգրիտ՝ առողջ հյուսվածքների սահմանում և նվազագույն վնասումով:
•    Էլեկտրակոագուլյացիայի դեպքում գոյացությունը հեռացվում է բարձր հաճախության հոսանքի ազդեցությամբ: Այս դեպքում նորագոյացությունը հեռացվում է արագ՝ անոթների միաժամանակյա կոագուլյացիայով (զոդումով):  
•    Վիրաբուժական հեռացումը մաշկի նորագոյացության հեռացումն է վիրադանակի և վիրահատական թելի օգնությամբ: Վիրադանակով իրականացվում է կտրվածք առողջ հյուսվածքների սահմաններում, գոյացությունը հեռացվում է, ապա իրականացվում է հեմոստազ (արյունահոսության դադարեցում) և վերքի կարում:

Եղանակի ընտրությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի անհատական առանձնահատկություններով և հեռացվող մաշկային նորագոյացության տեսակով:
Վերականգնողական շրջան

Մաշկի նորագոյացության հեռացումից հետո վերականգնողական շրջանը բավականին կարճ է:  Նման վիրահատությունները հիմնականում իրականացվում են ամբուլատոր՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում և հետվիրահատական շրջանում մեծ ուշադրություն չեն պահանջում: Լրիվ վերականգնողական շրջանը կազմում է 5–ից 14 օր:
Հնարավոր բարդությունները

Մաշկի նորագոյացությունների հեռացման դեպքում բարդությունները շատ հազվադեպ են հանդիպում:

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84