Գլխավոր / Այլ / Մաշկի և ենթամաշկի գոյացությունների վիրաբուժություն
Մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությունները մաշկային գոյացություններ են, որոնք մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն երբեմն որոշակի գործոնների ազդեցությամբ դրանք կարող են վերածվել չարորակ գոյացությունների:
Մաշկի գոյացությունների տեսակները
Տարբերում են մաշկի բարորակ գոյացությունների հետևյալ տեսակները.
• Աթերոման ճարպագեղձերի ուռուցք է, իրենից ներկայացնում է հստակ ուրվագծերով, էլաստիկ, ձեռքով զննման ժամանակ շարժուն գոյացություն, առաջանում է ճարպագեղձերի կուտակման շրջանում (գլխի մաշկի վրա, պարանոցի, մեջքի վրա, աճուկային շրջանում):
• Հեմանգիոման անոթային ուռուցք է: Տարբերում են հեմանգիոմաների հետևյալ տարատեսակները՝ մազանոթային, որն առաջանում է մաշկի մակերևույթին, հասնում է մեծ չափերի, գույնը տատանվում է կարմիրից մինչև կապտասև, մյուսը կավերնոզն է, որն առաջանում է մաշկի խոր շերտերում, իրենից ներկայացնում է ենթամաշկային սահմանափակ հանգույցային գոյացություն, համակցված տեսակն իրենից ներկայացնում է նախորդ երկու տեսակների զուգակցումը, խառը տեսակը ներառում է ոչ միայն անոթները, այլ նաև հարակից հյուսվածքները:
• Լիմֆանգիոման գոյացություն է՝ բաղկացած ավշային անոթների պատերից, իրենից ներկայացնում է 1 մմ-ից մինչև 5 սմ և ավելի չափերի խոռոչ: Կիստոզ լիմֆանգիոման գոյացություն է՝ բաղկացած մի քանի մեկուսացված կամ հաղորդակցվող կիստաներից, կարող է տեղակայվել կենսական կարևոր օրգանների մոտակայքում (շնչափող,կոկորդ):
• Լիպոման ճարպային հյուսվածքի ուռուցք է, իրենից ներկայացնում է փափուկ, շարժուն և անցավ գոյացություն:
• Պապիլոմաները, գորտնուկները հանգույցի կամ պտկիկի ձևով գոյացություններ են, հանդիսանում են վիրուսային ծագման հիվանդություններ: Հաճախ ունեն տարբեր ձևի և չափի պալարի տեսք՝ բացից մինչև մուգ շագանակագույն և մոխրագույն:
• Խալերը, նևուսները մաշկի ուռուցքներ են: Կարող են ունենալ տարբեր չափեր, ձև, գույն և կառուցվածք:
• Ֆիբրոման գոյացություն է շարակցական հյուսվածքում: Իրենից ներկայացնում է խորը տեղակայված հանգույց, որը բարձրանում է մաշկի մակերևույթից, գոյացության գույնը կարող է լինել մոխրագույնից մինչև դարչնագույն, երբեմն կապտասևավուն, երբեմն մակերևույթը հարթ է, հազվադեպ խորդուբորդ:
• Նեյրոֆիբրոման նյարդերի թաղանթների բջիջներից բաղկացած ուռուցք է: Ձեռքով զննման ժամանակ այն պինդ թմբիկ է 0,1-ից մինչև 3 սմ չափերով՝ ծածկված դեպիգմենտավորված մաշկի շերտով:
Այնպիսի գոյացություններն, ինչպիսիք են լիպոման, պապիլոման, գորտնուկները, խալերը, ֆիբրոմաները, նեյրոֆիբրոմաները, կարող են վերածվել չարորակ գոյացությունների:
Կլինիկայում իրականացվում են մաշկի նորագոյացությունների՝ այդ թվում բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններ, որոնց թվին են պատկանում խալերի, պապիլոմաների, լիպոմաների, աթերոմաների, հեմանգիոմաների, լիմֆանգիոմաների, ֆիբրոմաների հեռացումը:
Ախտորոշում
Եթե Դուք Ձեզ մոտ հայտնաբերել եք մաշկի նորագոյացություն, պետք է մաշկաբանի կամ ուռուցքաբանի մոտ գրանցվեք խորհրդատվության համար: Հարցման, զննման և վիճակի ուսումնասիրման հիման վրա բժիշկը կախտորոշի:
Մաշկի նորագոյացությունների հեռացման ցուցումները
• մաշկի գոյացության մշտական վնասում
• օրգանների ֆունկցիայի խանգարում
• մաշկի գոյացության սրընթաց աճ
• մաշկի գոյացության գույնի փոփոխություն
• բորբոքային պրոցես
• կոսմետիկ թերություններ
Վիրահատության հակացուցումները
• շաքարային դիաբետ
• շարակցական հյուսվածքի հիվանդություններ
• սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
• արյան հիվանդություններ
• էպիլեպսիա
• պսորիազ
• բորբոքային հիվանդություններ
• հոգեկան խանգարումներ
• ներքին օրգանների ծանր հիվանդություններ
Մաշկի բարորակ գոյացությունների վիրահատական բուժում
Մաշկի բարորակ գոյացությունները բնութագրվում են դանդաղ աճով, որի ընթացքում բջջային տարրերը մնում են ուռուցքի սահմաններում՝ առանց հարևան հյուսվածքներ հարաճելու: Հավասարաչափ մեծանալով՝ նորագոյացությունը հրում և ճնշում է առողջ հյուսվածքները, որի արդյունքում վերջիններս ասես պատիճի դեր են տանում: Թեև բարորակ ուռուցքները ատիպիկ են, սակայն նրանց բջիջների մետաստազավորումը բացակայում է:
Մաշկի նորագոյացությունների հեռացման վիրահատության նախապատրաստումը
Մաշկի նորագոյացության հեռացման վիրահատությունից առաջ անհրաժեշտ է վիրաբույժի խորհրդատվություն, որի ընթացքում հիվանդի հետ համատեղ ընտրվում է վիրահատության իրականացման եղանակը: Բժիշկը որոշում է նորագոյացության հեռացման օրը, պացիենտը ուղարկվում է վիրահատության նախապատրաստման:
Բացի պարտադիր նախավիրահատական քննությունները, հիվանդին կարող են նշանակվել հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները.
• ուռուցքաբանի զննում
• օնկոմարկերների կապակցությամբ արյան քննություն
Անոթային վիրաբույժի խորհրդատվությունից և ստորին վերջույթների երակների ՈւՁՀ-ից հետո Ձեզ խորհուրդ կտրվի կոմպրեսիոն տրիկոտաժ կամ ստորին վերջույթների էլաստիկ բինտավորում: Դա անհրաժեշտ է վիրահատական և հետվիրահատական թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման համար:
Վիրահատության նախորդ օրվա երեկոյան խորհուրդ է տրվում հրաժարվել առատ սննդի ընդունումից և կատարել մաքրող հոգնա: Ինչպես նաև վիրահատությունից երկու շաբաթ առաջ և երկու շաբաթ հետո խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և ծխելուց: Վիրահատության օրն արգելվում է ուտել և խմել:
Անզգայացում
Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ, սակայն հյուսվածքներում խորը տեղակայված մեծ չափերի գոյացությունների դեպքում կամ , երբ հիվանդը գտնվում է հոգեհուզական գրգռված վիճակում, խորհուրդ է տրվում ներերակային անզգայացում:
Գոյություն ունեն մաշկային նորագոյացությունների հեռացման մի քանի եղանակներ.
• Ռադիոալիքային եղանակ. իրականացվում է Surgitron (Սուրգիտրոն, ԱՄՆ) ռադիալիքային սարքավորման կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս կտրվածքները կատարել բացառապես ճշգրիտ՝ առողջ հյուսվածքների սահմանում և նվազագույն վնասումով:
• Էլեկտրակոագուլյացիայի դեպքում գոյացությունը հեռացվում է բարձր հաճախության հոսանքի ազդեցությամբ: Այս դեպքում նորագոյացությունը հեռացվում է արագ՝ անոթների միաժամանակյա կոագուլյացիայով (զոդումով):
• Վիրաբուժական հեռացումը մաշկի նորագոյացության հեռացումն է վիրադանակի և վիրահատական թելի օգնությամբ: Վիրադանակով իրականացվում է կտրվածք առողջ հյուսվածքների սահմաններում, գոյացությունը հեռացվում է, ապա իրականացվում է հեմոստազ (արյունահոսության դադարեցում) և վերքի կարում:
Եղանակի ընտրությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի անհատական առանձնահատկություններով և հեռացվող մաշկային նորագոյացության տեսակով:
Վերականգնողական շրջան
Մաշկի նորագոյացության հեռացումից հետո վերականգնողական շրջանը բավականին կարճ է: Նման վիրահատությունները հիմնականում իրականացվում են ամբուլատոր՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում և հետվիրահատական շրջանում մեծ ուշադրություն չեն պահանջում: Լրիվ վերականգնողական շրջանը կազմում է 5–ից 14 օր:
Հնարավոր բարդությունները
Մաշկի նորագոյացությունների հեռացման դեպքում բարդությունները շատ հազվադեպ են հանդիպում:
Եղե՛ք առավել գեղեցիկ ու երիտասարդ