Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը

Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում, ենթամաշկային ճարպաբջջանքում, փակեղներում, արգանդում, նյարդային ցողուններում, ապոնևրոզներում։

 

Առաջացման պատճառներն են.

 

  • ժառանգական նախատրամադրվածությունը,
  • հորմոնային խանգարումները և էնդոկրին համակարգի շեղումները, օրինակ` շաքարային դիաբետը,
  • մաշկի բորբոքային հիվանդությունները,
  • մաշկային ծածկույթների հաճախակի վնասումը,
  • արևի տակ երկարատև մնալը,
  • վնասակար սովորությունները, ոչ լիարժեք սնուցումը,
  • առատ քրտնարտադրությունը։

 

Ֆիբրոմաների տեսակները

 

Տարբերում են ֆիբրոմաների ավելի քան տասը ձևաբանական տեսակ (էլաստոֆիբրոմա, կարծր ֆիբրոմա, փափուկ ֆիբրոմա և այլն)։

 

Դերմատոֆիբրոմաները ներմաշկային կարծր, էլաստիկ բաղադրությամբ գոյացություններ են, որոնք շոշափման ժամանակ շարժուն են և անցավ։ Կարող են լինել եզակի կամ բազմաթիվ, մաշկի գույնը` գոյացության սահմաններում, փոփոխված չէ։

 

Դեսմոիդ ֆիբրոմաները (ագրեսիվ ֆիբրոմատոզ) մեզենխիմալ ուռուցքներ են, որոնք զարգանում են տարբերակված ֆիբրոբլաստներից և կոլագենային թելերի ավելցուկից։ Բնորոշ է զարգացման և կրկնության բարձր հակվածությունը։ Դեսմոիդները տեղակայվում են փափուկ հյուսվածքների տարբեր մասերում, որովայնի առաջային պատին և հետորովայնամզային տարածությունում։  

 

Խոնդրոմիքսոիդ ֆիբրոմաները հազվադեպ հանդիպող ուռուցքներ են, որոնք ախտահարում են մարդու ոսկրային կմախքը։ Հիմնականում տեղակայվում են ստորին վերջույթների երկար խողովակավոր ոսկրերի մետադիաֆիզային հատվածներում (ոլոքի, ազդրոսկրի, նրբոլոքի): Ուռուցքը կարող է առաջանալ նաև կոնքի, ողնաշարի, դաստակի և ոտնաթաթերի կարճ խողովակավոր ոսկրերի շրջանում, նախագարշապարի ոսկրերում։

 

Ախտանիշները

 

  • Ժամանակի ընթացքում մաշկային մակերեսից վեր բարձրացած գոյացության գույնը հաճախ չի տարբերվում մաշկային ծածկույթի մնացած հատվածներից, սակայն կարող է աստիճանաբար մգանալ։ 
  • Տեղակայման շրջանում հնարավոր է ցավի, անհարմարավետության և քորի առաջացում։
  • Ֆիբրոմայի գերաճի հետևանքով ներքին օրգանների կողմից ի հայտ են գալիս ախտանիշներ։
  • Արգանդի ֆիբրոման կարող է դրսևորվել արգանդային արյունահոսություններով, երկարատև և առատ դաշտանով, հաճախացած միզարձակումով։

 

Ախտորոշումը

 

Ախտորոշման ժամանակ սկզբում զննում և շոշափում են նորագոյացությունը։ Այնուհետև պացիենտն անցնում է ներքին օրգանների ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտություն։ Ախտորոշման վերջնական փուլում իրականացվում է գոյացության բիոփսիա՝ չարորակացումը բացառելու համար։

 

Բուժումը

 

Ֆիբրոմաների բուժման մեթոդն ընտրվում է՝ հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը և աճի բնույթը։ Որպես կանոն, այս նորագոյացությունը հազվադեպ է չարորականում։

 

Վիրահատական միջամտության ցուցումներն են.

 

  • ուռուցքի հետևանքով ներքին օրգանների ֆունկցիայի խախտում,
  • գոյացության ակտիվ աճ կամ մեծ չափեր,
  • սպառնացող առատ արյունահոսություն։

 

Որպես վիրահատական միջամտության այլընտրանք, իրականացվում է ուռուցքը սնող անոթները խցանող վիրահատություն։ Արգանդի ֆիբրոմայի ժամանակ վերարտադրողական ֆունկցիայի պահպանման նպատակով խորհուրդ է տրվում կիրառել բերանացի հակաբեղմնավորիչներ, որոնք սահմանափակում են գոյացության աճը։  

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84