Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Բլեֆարոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ իրականացվում է կոպերի մաշկի ձգում: Շատերի համար այն կոպերի այտուցից և ճողվածքից ազատվելու միակ արդյունավետ եղանակն է:

 

Երբ դիմել բլեֆարոպլաստիկայի
Աչքերը մատնում են իրական տարիքը, այդ պատճառով վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել արտաքին տեսքը:
Հիմնականում այս միջոցառումը պահանջված է միջին տարիքի պացիենտների մոտ: Առաջին տարիքային նշանները աչքերի տակ առաջացած կնճիռներն ու պարկերն են, որոնց պատճառով մարդիկ ավելի տարեց են երևում: Երբեմն այս միջամտությունը  պահանջվում է, նույնիսկ, ավելի երիտասարդ տարիքում, եթե կա կոպերի կախվածության և ճողվածքների առաջացման անատոմիական նախատրամադրվածություն:

 

Բլեֆարոպլաստիկայի իրականացման ցուցումներն են.

  • պտոզը և աչքերի տակ պարկերի առկայությունը, 
  • մանր և խորը կնճիռները,
  • հոգնած տեսքը,
  • կոպերի թերությունները շտկելու ցանկությունը,
  • աչքերի կտրվածքը կամ ձևը փոխելու ցանկությունը,
  • աչքերի անկյունների իջեցումը: 

 

Բլեֆարոպլաստիկա իրականացնելու որոշում կայացնելիս հարկ է հաշվի առնել, որ որքան ուշ իրականացվի շտկումը, այնքան նկատելի կլինեն սպիները: Եթե կան ճարպային ճողվածքներ, բայց մաշկը դեռ էլաստիկ է, վիրահատությունը որևէ հետք չի թողնի:  Թե քանի անգամ կարելի է բլեֆարոպլաստիկա իրականացնել, որոշում է մասնագետը:   Հարկ է նշել, որ վիրահատությունների միջև ժամանակը պետք է լինի առնվազն յոթ տարի:

 

Կոպերի ավելորդ մաշկային ծալքերի առաջացման պատճառները

Ճողվածքներ կարող են առաջանալ վերին և ստորին կոպերի վրա: Պատճառը աչքերի շուրջ մկանների թուլացումը և հյուսվածքների էլաստիկության նվազումն է: Փաստորեն, դա կոպերի որոշակի մասերում ճարպաբջջանքի այտուցն է՝ տարիքային փոփոխություններով պայմանավորված։ Այս հարցում նշանակություն ունի նաև ժառանգականությունը և վնասակար սովորությունների առկայությունը։

 

Շտկման եղանակները
Կոպերի մաշկը կարելի է ձգել պլաստիկ վիրահատությամբ և ոչ վիրահատական ճանապարհով։ Յուրաքանչյուր դեպքում շտկման եղանակը ընտրվում է անհատապես՝ պայմանավորված օրգանիզմի ընդհանուր առողջական և աչքերի շուրջը մաշկի վիճակով։  

 

Ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա

 

Համարվում է շտկման առավել անցավ և ոչ տրավմատիկ եղանակ։ Բացի այդ, այն ունի նվազագույն հակացուցումներ և հնարավոր բարդություններ։

 

Կիրառվում է երկու մեթոդ.

 


•    Ներարկումային. մաշկի տակ ներարկում են պատրաստուկներ, որոնք այն ավելի հարթ և էլաստիկ են դարձնում։
•    Գործիքային. ներառում է լազերային, ուլտրաձայնային, տերմաժ, ջերմալիֆտինգային, էլեկտրա-, Raylife և DROT-թերապիա։
Հակացուցումները.
•    հղիություն,
•    չարորակ նորագոյացություն,
•    սրտի ռիթմը վարող սարքի առկայություն,
•    վարակիչ և աուտոիմուն հիվանդություններ,
•    հեմոֆիլիա,
•    աչքերի շուրջ մաշկի բորբոքային հիվանդություններ (գարիկ),
•    շաքարային դիաբետ։

 

Վերին և ստորին կոպերի ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկայից հետո սպիներ չեն մնում։ Արդյունքը պահպանվում է մեկից (ներարկումներ) մինչև յոթ տարի (լազերային պրոցեդուրաներ)։

 

Սակայն ոչ վիրահատական եղանակը վերացնում է միայն մանր խնդիրները՝ ոչ խորը կնճիռները, ճարպի ոչ մեծ կուտակումները։

 

Եթե խնդիրը լուրջ է և պացիենտը 50-ն անց է, նպատակահարմար է պլաստիկ վիրահատությունը։

 

Պլաստիկ վիրահատություն
Ավելորդ ճարպային հյուսվածքները և մաշկը հեռացվում են վիրահատական ճանապարհով։  Կտրվածքներն իրականացվում են մաշկի բնական ծալքերում, որպեսզի սպիները չնկատվեն։ Ստորին կոպի շրջանում ճողվածքների հեռացումը հնարավոր է աչքի լորձաթաղանթի միջոցով, այսինքն՝ առանց կտրվածքների։

 

Հակացուցումները.

 

•    արյան մակարդելիության խնդիրներ,
•    հակամակարդիչների ընդունում,
•    տարած ինֆարկտ կամ կաթված,
•    ցանցենու շերտազատում,
•    սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ,
•    շաքարային դիաբետ,
•    ուռուցքներ,
•    ՁԻԱՀ,
•    համակարգային հիվանդություններ,
•    երիկամների կամ լյարդի քրոնիկական անբավարարություն,
•    դաշտան,
•    հղիության և կրծքով կերակրման շրջան:

 

Հետևյալ ոչ սպեցիֆիկ գործոնների դեպքում ևս չի կարելի վիրահատություն իրականացնել.

 

•    կոպերի շուրջ մաշկի բորբոքում,
•    Բազեդովյան հիվանդություն,
•    չոր աչքերի համախտանիշ,
•    քունքի շրջանում խոր սպիներ,
•    կարճատեսություն,
•    կոնյուկտիվիտ,
•    բլեֆարոսպազմ կամ գլաուկոմա:

 

Հետվիրահատական վերականգնողական շրջան
Բլեֆարոպլաստիկայից հետո կարերը չեն հեռացվում, քանի որ կիրառվում են հատուկ ներծծվող թելեր:   
Վիրահատությունից հետո առաջին օրերին դիտվում են այտուցներ. դա օրգանիզմի բնական ռեակցիան է: Այտուցվածությունը կարելի է նվազեցնել սառը կոմպրեսների միջոցով:  

 

Բլեֆարոպլաստիկայից հետո արագ վերականգնվելու համար պացիենտները պետք է հետևեն նաև որոշ կանոնների.

 

•    բացառել աչքերի և կոպերի ծանրաբեռնվածությունը (ընթերցանություն, համակարգիչ, հեռուստացույց, կոնտակտային ոսպնյակներ, պայծառ լույս),
•    հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից (այտուցներից խուսափելու համար), աղի սննդից,
•    քնել մեջքի վրա՝ բարձր բարձով,
•    մեկ ամսով կոնտակտային ոսպնյակները փոխարինել ակնոցներով,
•    հնարավորին խուսափել գլխի թեքումներից,
•    կոպերը և աչքերը պաշտպանել արտաքին ազդակներից (քամի, պայծառ լույս, կոսմետիկա, օճառ),
•    դեմքը լվանալ երիցուկի եփուկով,
•    խուսափել բաղնիքից և սաունայից,
•    կատարել աչքերի համար նախատեսված հատուկ վարժություններ:

 

Վերականգնողական շրջանը տևում է 7-10 օր: Աշխատանքի կարելի է գնալ 2 շաբաթ անց: Արդյունքը նկատելի կլինի վիրահատությունից անմիջապես հետո, սակայն վերջնական արդյունքն ակնհայտ կլինի միայն մեկ ամիս անց: Կոպերի մաշկի խնամքի կանոններին հետևելը հնարավորություն կտա արդյունքը պահպանել հնարավորին երկար, երբեմն այդ շրջանը տևում է ավելի քան տաս տարի:   

 

Ե՞րբ իրականացնել բլեֆարոպլաստիկա. մասնագետների կարծիքը
Պլաստիկ վիրաբույժները խորհուրդ են տալիս առաջին միջոցառումն իրականացնել դեռևս 35-40 տարեկանում: Այս տարիքում արդեն սկսվում է ծերացման գործընթացը, և ժամանակին իրականացված վիրահատությունը հնարավորություն կտա խուսափել սպիներից. սպիները մաշկի վրա մնում են գրեթե աննկատ:   

 

Քանի որ բլեֆարոպլաստիկան ծերացումը դադարեցնում է ժամանակավորապես, կարիք է լինում կրկնել վիրահատությունը: Լավագույն տարիքը 50-ն է, ապա` 65 տարեկանը: Կարևոր է խնդրին պատասխանատվությամբ մոտենալ և լավ մասնագետ ընտրել:   

 

Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84