Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84

Գլխավոր / Հոդվածներ / Մրճանման մատներ

Մրճանման մատներ

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն, վնասված են երկու հոդերը, կարող է ուղեկցվել ցավային զգացողություններով։ Մրճանման ձևախախտումը կարող է լինել ֆիքսված (երբ ծալված մատը ձեռքով ուղղելն անհնար է) և չֆիքսված, որի ժամանակ հնարավոր է հիվանդ մատն ուղղել ձեռքով։

 

Մատների մրճանման ձևախախտման ախտանիշները

 

Ոտքերի մատների մրճանման ձևախախտման զարգացման առաջին նշանը հաճախակի կոշտուկների առաջացումն է, որոնք ժամանակի ընթացքում դառնում են մշտական , իսկ որոշ դեպքերում առաջացում են խոցեր։

 

Մրճանման ձևախախտման երկարատև զարգացման ժամանակ հիվանդն սկսում է դժվար տեղաշարժվել։ Բացի այդ, ձևախախտված մատները սկսում են հենվել կոշիկի տարբեր մասերին և ենթարկվել մշտական շփման, ինչն էլ առաջացնում է գրգռում։   

 

Ախտանիշները

 

  • կոսմետիկ դեֆեկտ,
  • ցավոտություն քայլքի ժամանակ,
  • հոդում շարժունակության սահմանափակում,
  • ստանդարտ կոշիկի ընտրության և կրման անհնարինություն,
  • հոդերի շրջանում կոշտուկների առաջացում,
  • գարշապարային ոսկրերի գլխիկների տակ ներբանային հիպերկերատոզի առաջացում։

 

Մատների մրճանման ձևախախտման առաջացման պատճառները

 

Հիմնական պատճառներից են գենետիկ գործոնները  (օրինակ, ոտնաթաթի բարձր կամարը, որի դեպքում այդ շրջանի կապանները մատները հետ են ձգում), մկանային հավասարակշռության խանգարումը, որը սխալ քայլվածքի հետևանք է։ Բացի այդ, մատների մրճանման ձևախախտման ամենատարածված պատճառներից է սխալ ընտրված կոշիկը, որը ճնշում է մատները՝ բերելով դրանց անբնական դիրքի։  

 

Մատների մրճանման ձևախախտման բուժումը

 

Բուժումը կարող է լինել կոնսերվատիվ և վիրահատական։ Կոնսերվատիվ բուժումը հնարավոր է հիվանդության սկզբնական շրջանում և, առաջին հերթին, ենթադրում է ազատ կոշիկի և հատուկ օրթոպեդիկ հարմարանքների կրում (կորեկտորներ, սիլիկոնային օղեր, պրոտեկտորներ), որոնք ապահովում են կոշիկի մեջ մատների անշարժացումը և պաշտպանությունը` շփումից։

 

Ոտքերի մատների մրճանման ձևախախտումները վերացնելու համար անհրաժեշտ են փափուկ հյուսվածքների (հոդերի պատիճի, կապանների) համակցված, ինչպես նաև ոսկրապլաստիկ վիրահատություններ.

 

  • գարշապարաֆալանգային հոդի արթրոլիզ,
  • միջֆալանգային հոդի ներբանային արթրոլիզ,
  • մատի կապանների (ծալիչ-տարածիչ) հատում,
  • պրոքսիմալ ֆալանգի գլխիկի մասնահատում կամ միջֆալանգային հոդի արթրոդեզ,
  • ռոտացիոն ձևախախտումների վերացման նպատակով մատի պրոքսիմալ կամ դիստալ ֆալանգների ոսկրահատում։

 

Ներկայում ոտնաթաթի մրճանման ձևախախտումների դեպքում բոլոր վիրահատություններն իրականացվում են նվազագույն միջամտական եղանակով՝ տեղային, հաղորդչական կամ ողնուղեղային անզգայացմամբ (անզգայացման ընտրությունը պայմանավորված է վիրահատական միջամտության ծավալով)։

 

Նմանատիպ վիրահատությունները, որպես կանոն, տևում են 5-10 րոպե։ Հետվիրահատական առաջին օրերից սկսած, հիվանդը կրում է մասնագիտացված օրթոպեդիկ կոշիկ։ Սովորական կոշիկներով լիարժեք քայլել խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո, միջինը 4-6 շաբաթ հետո։  


Վերջին թարմացումներ

Գրե՛ք, և մենք կօգնենք Ձեզ

Dr. Tehmine
Պլաստիկ վիրաբույժ     +374 94 46 94 84